October 2, 2023

Ջոնաթան Բրեդշոու. Հայաստանում երեխաների 26 տոկոսն աղքատ է, որից 3 տոկոսը` ծայրահեղ աղքատ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի 2009 թ.-ի հուլիսի 7-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը եւ UNICEF-ը մայիսի 21-ին կազմակերպել էին «Մանկական աղքատությունը Հայաստանում» թեմայով ընդլայնված քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ-ի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը բացման խոսքում կարեւորել է Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ակտիվ համագործակցությունը երեխաների իրավունքների պաշտպանության գործում, ինչը խորհրդարանին օրենսդրական բարեփոխումների ճանապարհով բազմաթիվ խնդիրներ լուծելու հնարավորություն է տալիս:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրին իրենց ելույթներում նույնպես կարեւորել են Հայաստանում մանկական աղքատության վերացման, երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված այս քննարկումները` տեղեկացնելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Բրեդշոուի ղեկավարությամբ «Մանկական աղքատությունը Հայաստանում» թեմայով զեկույց է պատրաստվել, որը հիմնված է ՀՀ վիճակագրական ծառայության տրամադրած ընտանիքների կենսամակարդակների հետազոտությունների արդյունքների վրա:

Ջ.Բրեդշոուն տեղեկացրել է, որ Հայաստանում երեխաների 26 տոկոսն աղքատ է, որից 3 տոկոսը` ծայրահեղ աղքատ: 2004 թվականից սկսած` որոշակի առաջընթաց է արձանագրվել մանկական աղքատության ցուցանիշների նվազեցման գործում` 38 տոկոսից հասնելով 26-ի: Նա նշել է նաեւ, որ երեխայի աղքատ լինելու ռիսկն ավելի բարձր է , եթե նա ապրում է բազմազավակ ընտանիքում, ծնողները միջնակարգ կամ ավելի ցածր կրթություն ունեն, ծնողները կամ չափահաս անդամները գործազուրկ են, եթե ընտանիքում կան հաշմանդամ երեխաներ կամ ծնողները ամուսնալուծված են: Ըստ նրա, Հայաստանում հաշմանդամ երեխաները կազմում են աղքատ երեխաների 50 տոկոսը: Բոլոր երեխաների 24 տոկոսն ապրում է ամսական ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներում: 2010 թ.-ի տվյալներով Հայաստանում ընտանեկան նպաստի ամսական միջին գումարը կազմում է 23 հազար դրամ, որը շատ կարեւոր է ծայրահեղ աղքատ ընտանիքի համար:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համատեքստում 2009 թ.-ին Համաշխարհային բանկի իրականացրած կանխատեսումների համաձայն, աղքատ ընտանիքների մասնաբաժինը կարող է աճած լինել մինչեւ 28 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատ ընտանիքներինը` մինչեւ 7 տոկոս: Երեխաների վրա ծայրահեղ աղքատության հետեւանքները մեղմացնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում քննարկել սոցիալական պաշտպանության ծախսերը առավել արդյունավետ մոդելների վերաուղղորդելու հնարավորությունը, ինչպիսին երեխայի համատարած նպաստն է, որը հաջողությամբ կիրառվում է Արեւմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում:

Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատելով պրոֆեսոր Ջոնաթան Բրեդշոուի հետազոտությունն ու կատարած առաջարկները` միաժամանակ նկատել են, որ համատարած նպաստը ենթադրում է ֆինանսական միջոցների հավասար բաշխում, որը բացառում է հասցեականությունը, ինչը պահպանված է գործող ընտանեկան նպաստների մոդելում:

Գայանե Մելիքյան

photo by  aysor.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4