January 19, 2022

ԵԽ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒԺ ՉՈՒՆԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Մայիսի 21-ին խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեման, որ հետաքրքրել է լրագրողներին, եղել է Եվրախորհրդարանի 2216 բանաձեւը, որով կոչ է արվում հայկական զինուժին դուրս գալ “ադրբեջանի օկուպացված տարածքներից”:

“Դա ուղղակի ոչ միայն Ադրբեջանի կողմից խեղաթյուրումների արդյունք է, այլեւ Հայաստանի, նախ եւ առաջ Հայաստանի պասիվության արդյունք է”, ասում է Ժառանգություն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, բացասական գնահատելով Եվրախորհրդարանի բանաձեւը: “Ես չեմ զարմանում, ես ավելի զայրանում եմ, որովհետեւ տարիներ շարունակ այս բանաձեւը մի փաստաթղթից փոխանցվում է մյուս փաստաթուղթ, մի հաստատությունից մյուս, եւ Հայաստանն առայժմ չի կարողացել որեւէ համարժեք պատասխան տալ սրան”, ասում է Լարիսա Ալավերդյանը: Նա մեղադրում է Հայաստանի խորհրդարանի եւ Եվրամիության միջեւ գործակցության համար ստեղծված հանձնաժողովին, որն ըստ Լարիսա Ալավերդյանի, ով ի դեպ դրա անդամ է, գործում է բավական պասիվ: Լարիսա Ալավերդյանն ասում է, թե ինքը բազմիցս այդ պասիվության հարցը բարձրացրել է խորհրդարանի նախագահի առաջ:

“Կան բավականին շատ հաջողված կետեր, որոնք արտացոլված են զեկույցում, բայց կա նման անհեթեթ բան , որը խոսվել է ներկայացուցիչներից մեկի, որքան հիշում եմ բուլղարացի Կիրիլովի կողմից, որը ընդհանրապես ծանոթ չի եղել բացարձակապես իրական վիճակին, չի ուսումնասիրել խնդիրը: Նա եղել է բուլղարացի այն պատգամավորներից մեկը, որ մշտապես Բուլղարիայում հայոց ցեղասպանության հետ կապված բոլոր խնդիրների, բոլոր քննարկումների ժամանակ դեմ է խոսել եւ դեմ է քվեարկել”, ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով գրեթե մեկ առ մեկ կրկնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքը, ով բանաձեւի մասին արտահայտվել էր նույն օրն առավոտյան, այն առումով, որ բանաձեւի հեղինակն անտեղյակ է Ղարաբաղից եւ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահից չի փորձել տեղեկատվություն ստանալ խնդրի կապակցությամբ:

“Բավականաչափ դրական մոտեցումներ կան բանաձեւում, մասնավորապես բանաձեւում ամրագրված է խաղաղ ճանապարհով խնդրի լուծում եւ մի շարք հարվերում, որը արտահայտում է մեր տեսակետները:  Իսկ ինչ վերաբերում է, այն առաջարակներին, որը ներկայացվել է, քիչ առաջ խոսեցինք այդ մասին, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի”, ասում է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Նա չի համաձայնել Լարիսա Ալավերդյանի մտքին, թե կատարվածը Հայաստանի պասիվության հետեւանք է:

“Սա ակամայից վերհիշեցնում է մեզ բոլորիս այն հնարավոր զարգացումների մասին, երբ մենք ասում էինք հայ-թուրքական արձանագրությունների հետագա ընթացքի մասին: Եվ բնական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ աշխատանքը արտաքին ոլորտում, հանգեցրեց նաեւ այդպիսի զեկույցի ընդունմանը”, ասում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, թեեւ բանաձեւը խորհրդակցական է եւ իրավական ուժ չունի, այդուհանդերձ դրա հետագա ազդեցությունը իրադարձությունների զարգացման վրա կախված է Հայաստանի քայլերից:

“Թե արտաքին հարաբերություններում ակտիվացնել ազգանպաստ գործունեությունը, հատկապես քարոզչական առումով, եւ նաեւ աշխատանք այլ երկրների հետ, երեք հիմնական ուղղություններով”, ասում է Արծվիկ Մինասյանը, նկատի ունենալով հայ-թուրքական գործընթացից Հայաստանի ստորագրության հետկանչը, Ղարաբաղի խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալ թույլ չտալը, ակտիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքները վերաբնակեցնելու ուղղությամբ: Նրա կարծիքով, փաստաթուղթն այնքան միակողմանի է, որ բերում է ուղիղ հենց պատերազմի, եթե դա փորձ արվի կյանքի կոչել: Արծվիկ Մինասյանի խոսքով, կատարվածը վկայում է, որ Հայաստանը պետք է արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար երեք ուղղությամբ կատարի լուրջ քայլեր` արտաքին ազգային քաղաքականություն վարի, իսկ երկրի ներսում իրականացնի սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներ:

“Ընդամենը ռեպլիկի կարգով հիշեցնեմ, թե ում զեկույցի հիման վրա է ընդունվել այդ բանաձեւը, ի դեպ, որը Եվրապառլամենտում բանաձեւերը դա ընդամենը խորհրդատվական բնույթ ունեն, այսինքն կատարման համար պարտադիր չեն: Բուլղարացի Եվգենի Կիրիլովի զեկույցի հիման վրա է ընդունվել 2216 բանաձեւը: Հիշեցնեմ ով է Կիրիլովը: Դա Ադրբեջանի բարեկամներ խմբի նախաձեռնողը եւ նախագահն է”, ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա, ի դեպ, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն է եւ չի համաձայնել պասիվության մասին Լարիսա Ալավերդյանի մտքին, ասելով, թե “լինելով այդ հանձնաժողովի նորընծա անդամ, Ալավերդյանը պետք է որ իմանար, որ հանձնաժողովը նոր է ձեւավորվել եւ տարին ընդամենը երկու անգամ կարող է նիստ գումարել` մեկը Բրյուսելում, մյուսը Հայաստանում, եւ որ Հայաստանի նիստը լինելու է նոյեմբերին”: Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանն ասում է, թե այդ հանձնաժողովը Եվրոպական հանձնաժողովի հետ է աշխատում, իսկ Եվրախորհրդարանի հետ կապ չունի:

ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանի կարծիքով, բանաձեւով փաստորեն Եվրամիությունը ընդլայնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եվրոպացի համանախագահ Ֆրանսիայի մանդատը, դրան տալով Եվրամիության մանդատ: “Սա նորություն է: Սրանով պետք է արձանագրել, որ փաստորեն ֆրանսիական համանախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբում, այսուհետ եթե ստանա այդպիսի մանդատ Եվրամիությունից, Եվրահանձնաժողովից, նա այսուհետեւ հաշվետու է լինելու ոչ միայն Ֆրանսիայի կառավարությանը, այլ նաեւ Եվրամիության բոլոր երկրների արտգործնախարարներին եւ եվրահանձնաժողովին”, ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Նա էլ համարում է, որ բանաձեւը ադրբեջանական լոբբինգի կրող է: Բայց Արամ Սաֆարյանը, դատապարտելով բանաձեւի այդ դրույթները, ասում է նաեւ, թե կարեւոր է, որ դրանում առաջին անգամ փաստորեն բացակայում է տարածքային ամբողջության հիշատակումը:

“Կարծում ենք, որ, ոչ թե կարծում ենք, շատ հստակ գիտենք, որ նմանատիպ զեկույցները ոչ մի իրավական ուժ չունեն եւ կխնդրեմ, որպեսզի այն գործընկերները, եվրոպացի, եւ ոչ միայն Եվրոպայից, ովքեր որ ամսի 23-ին լինելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, շատ ուշադիր իրականացնեն դիտորդական առաքելությունը ԼՂՀ-ում, եւ գնալուց հետո իրենք արդեն համոզված լինեն, որ Լեռնային Ղարաբաղը, եւ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, տարածաշրջանն ունի ժողովրդավարական ավելի զարգացած պետություն, քան նույն Ադրբեջանը”, ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, թե եթե կա որեւէ տարածքից զորք հանելու խնդիր, ապա դա պետք է անի Ադրբեջանը, ազատելով Շահումյանը, Գետաշենն ու Մարտունաշենը, որ օկուպացրել է:

Իսկ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյաննէլ կատակով նկատել է, որ եթե եվրոպացիները անհանգստանում են տարածաշրջանում իրենց էներգետիկ կոմունիկացիաների անվտանգության համար եւ այդ իսկ պատճառով կոչ են անում հայկական զինուժին ազատել տարածքները, ապա թող իրենք իրենց խողովակները հանեն տարածքներից:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4