August 9, 2022

Ո՞ր տուրիստը կցանկանա

Սյունիքի մարզում ուրանի պաշարների որոնողական աշխատանքները կհանգեցնեն ստորգետնյա ջրերի` ուրանով վարակմանը: Դա իր հերթին կհանգեցնի թե բնապահպանական, թե առողջապահական լուրջ խնդիրների ամբողջ հանրապետության համար:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում կազմակերպված քննարմանն այս մասին ասաց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը: Նա մտահոգված է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» կողմից Սյունիքի մարզում իրականացվելիք ուրանի պաշարների ուսումնասիրման ծրագրով:

Քննարկմանը մասնակցում էին բնապահպաններ ու փորձագետներ, որոնք իրենց մտահոգություններն հայտնեցին ուրանի պաշարների ուսումնասիրությունների վերաբերյալ:

Ըստ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» ծրագրի` Սյունիքի մարզում ընդամենը պետք է ուսումնասիրվեն ուրանի հնարավոր պաշարները, սակայն Ինգա Զարաֆյանը վստահ է, որ կազմակերպությունը երբեք էլ «ձեռք չի քաշի հետագա շահագործումից»:

Նրա կարծիքով` դա առաջիկա տարիներին ուրանի միջազգային գինը անհամեմատ կբարձրանա` պայմանավորված աշխարհում ուրանի պաշարների նվազմամբ: Հայաստանն այս պարագայում ուրանի հնարավոր պաշարների տարածք է համարվում, որոշ տվյալներով` Հայաստանում կա 30, այլ տվյալներով` մինչեւ 60 տոննա ուրան:

Ինգա Զարաֆյանն իր խոսքում ընդգծեց, որ կոնկրետ Լեռնաձոր գյուղում բնակիչները սկսել են ստորագրահավաք` կասեցնելու ուրանի ուսումնասիրությունները:

Տեղաբնակներից շատերն այլեւս չեն ցանկանում շարունակել իրենց տների կառուցումը, քանի որ մտահոգված են իրենց առողջությամբ եւ հետեւաբար` վստահ չեն, որ ուզում են մնալ Լեռնաձորում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզում բարձր է ռադիոակտիվությունը, որի հետեւանքով շատացել են քաղցկեղով հիվանդների թիվը:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ մեր կառավարությունը տնտեսական զարգացման գերակա ուղղություններ է մշակել, որոնց թվին են պատկանում էկոլոգիական տուրիզմն ու հանքաարդյունաբերությունը: Սակայն ըստ բնապահպանի. «Մեր այս փոքր երկրում ուղղակի հնարավոր չէ այդ երկուսը զուգակցել»:

«Քանի որ ոչ մի տուրիստ չի ցանկանա գնալ մի տեղ, որտեղ ամբողջովին հանքեր են ու դրան գումարած նաեւ ուրան»,-ասաց նա:
Ի դեպ, ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունից բնապահպաններին հայտնել են, որ ուրանի պաշարների ուսումնասիրության ծրագրում իրենք ընդամեն ապահովելու են ծրագրի անվտանգությունը եւ ոչ մի շահ չեն հետապնդում:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4