Հացադուլավոր Արտավազդ Վարդանյանը պատմել է իր առեւանգման մասին

104927

Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն իրենց առաջ միայն Ազգային ժողովում հայտնվելու նպատակ էին դրել եւ ոչ ավելին: Այդ մասին մայիսի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺՄ նախկին անդամ, ԱԺ-ում մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը, որը մայիսի 3-ից հացադուլ է հայտարարել ԿԸՀ-ի դիմաց:

Ըստ Վարդանյանի` լավագույն դեպքում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կհայտարարեն, որ ի վիճակի չեն ինչ-որ բան փոխել, քանի որ իրենք փոքրամասնություն են: «Հնարավոր է` նրանք կարող են լուծել իրենց մի քանի տասնյակ մերձավորների խնդիրները, սակայն ոչինչ չեն կարող անել ժողովրդի համար: Հերթական անգամ ամեն ինչ կորոշի իշխանությունը, որը խորհրդարանում ունի մանդատների մեծամասնություն: Նմանատիպ խորհրդարանական ընտրությունները ժողովրդի համար լուծում չեն»:

Վարդանյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում միակ հույսը պետք է դնել քաղաքացիական հասարակության վրա, որն իսկական ուժ է: Եւ եթե, ըստ Վարդանյանի, այդ քաղաքացիական հանրությունը կհամակարգվի մտավորականության կողմից, ապա Հայաստանում հնարավոր կդառնա  բնակչության վստահությունն առաջացնող խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին, երբ անհայտ անձինք նրան առեւանգել էին հացադուլի անցկացման վայրից  (ԿԸՀ-ի դիմացի պուրակ- խմբ.), Վարդանյանի խոսքով, դա արել են Արմավիրրի մարզի  Մուսալեռի գյուղապետի մարդիկ: «Մենք ընկերներով ցանկանում էինք պուրակում վրան տեղադրել, այն հավաքեցինք, բայց դեռ չդրեցինք, սպասում էինք բարձրաստիճան ոստիկանների ժամանմանը: Եկավ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, նրա հետ, կարծեմ, Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության պետն էր: Նրանք թույլ չտվեցին վրանը տեղադրել` հայտարարելով, որ այն կխոչընդոտի տրանսպորտի երթեւեկությանը:

Տարօրինակ է, քանի որ պուրակով տրանսպորտ չի անցնում: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները խլեցին վրանը եւ մեծ հովանոցը: Ավելի ուշ ինձ զանգահարեց Ոստիկանության իրավաբանական խորհրդատուն եւ հայտնեց, որ կարող եմ հետ վերցնել վրանը: Մենք այդպես էլ արեցինք: Ավելի ուշ, երբ ընկերներս գնացին, ես պառկել էի քնապարկում: Ինձ մոտեցավ անծանոթ մի մարդ եւ հարցրեց անունս: Հավաստիանալով, որ ես Արտավազդ Վարդանյանն եմ, ինձ մոտեցան մի քանի հոգի, որոնցից մեկը կոտրեց հովանոցը, իսկ մյուսներն ինձ քնապարկում պառկած վիճակում բռնեցին ինձ եւ նստեցրին ավտոմեքենա», – ասաց Վարդանյանը` նշելով, որ սովորաբար պուրակում հերթապահող ոստիկաններն այդ պահին այդտեղ չէին:

Ըստ Վարդանյանի` ինքն օգնություն է կանչել, սակայն ոչ ոք նրան չի լսել: Ճանապարհին նրան ասել են, որպեսզի նա չվախենա, քանի որ նրան ընդամենը տուն են տանում, եւ հետո էլ հարցրել էին, թե այդ թեմայով նրա հետ խոսել է արդյոք  իրենց գյուղապետը: «Այդտեղ ես հասկացա, որ նրանց ուղարկել էր Մուսալեռ գյուղի ղեկավարը, որտեղ ես ապրում եմ: Նրանք ինձ իջեցրին իմ տան մոտ: Ես սկսեցի զանգել իմ ընկերներին, երբ ինձ մոտեցավ գյուղի ղեկավարը եւ սկսեց համոզել դադարեցնել հացադուլը, քանի որ հացադուլ անելը լավ չէ», – ասել է նա, նշելով, որ այդպես էլ չխոսելով գյուղի ղեկավարի հետ, նա վերադարձել է Երեւան` հացադուլի վայրը,  որտեղ չի եղել ոչ վրան, ոչ անձրեւանոց:

Վարդանյանը կարծում է, որ  կատարվածն իշխանություններին ձեռք է տալիւս, քանի որ նրանք այդպիսով փորձում են զրկել նրան իր քաղաքացիական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

Նա նաեւ նշել է, որ ավելի վաղ հայտարարված յոթնօրյա հացադուլն անժամկետ կդառնա:

news.am

Tags:

About the Author