June 5, 2023

Գյուղատնտեսություն. պաշտոնյաները գոհ են ոչխարաբուծության իրավիճակից, եզդիները` ոչ

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի` Հայաստանում կարգավորվում է նախորդ տարվա վերջից սկիզբ առած ոչխարի մսի կրկնակի թանկացման և ոչխարների գլխաքանակի կտրուկ նվազման խնդիրը, ինչը պայմանավորված էր հանրապետությունից ոչխարների մեծաքանակ արտահանմամբ:
Անցյալ դեկտեմբերին ոչխարի մսի գինը մի քանի ամսվա ընթացքում կրկնապատկվեց`1 կգ միսը 1500-ից (3.8 դոլար) դարձավ մոտ 4000 դրամ (10 դոլար), ինչը հիմնականում պայմանավորված էր Հայաստանից Իրան ոչխարների մեծաքանակ արտահանմամբ: Եթե 2008-ին Իրան էր արտահանվել 12000 գլուխ ոչխար, ապա 2009-ին`147000:

Ավանդաբար ոչխարաբուծությամբ զբաղվող հայաստանցի մոտ 60000 եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը պնդում է, որ արտահանվել է մոտ 300000 ոչխար, այդ թվում նաև` էգ ոչխարներ, մինչդեռ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ արտահանվել են միայն արուները, և հավաստիացնում է, որ իրավիճակը կշտկվի մայիսին, երբ ոչխարները ծնեն:

«Եթե էգերը վաճառված լինեին, այսօր ոչխարի գլխաքանակը չէր ավելանա»,- ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ հիմա հանրապետությունում ոչխարի գլխաքանակը 20 հազարով պակաս է:

Այսօր մայրաքաղաքի շուկաներում ոչխարի մսի 1 կիլոգրամը դարձել է մոտ 3000 դրամ, իսկ քաղաքից դուրս մեկ գառը վաճառում են մոտ 25.000 դրամով (64 դոլար, կիլոգրամը` մոտ 2500 դրամ)` նախկին 4000-ի փոխարեն (10 դոլար):

Թամոյանն էլ ասում է, որ «ամեն ինչ կարգավորվել է», այժմ դադարեցվել է ոչխարների արտահանումը, բայց եզդիները խնդիր ունեն վերականգնելու իրենց ոչխարների գլխաքանակը:

«Եզդիները բարձր գներին խաբվեցին ու իրենց ոչխարների 90 տոկոսը վաճառեցին էն հույսով, որ հետո նորից կգնեն, բայց հիմա փաստի առաջ են կանգնել, քանի որ շատ թանկ է»,- ասում է Թամոյանը` հավելելով, որ դիմել է տարբեր բանկերի` եզդիներին վարկեր տրամադրելու համար, սակայն մերժել են (այժմ գյուղատնտեսության վարկավորումը ռիսկային է):

armenianow.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4