Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նշելով ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, բոլոր ոլորտներում ստեղծված միջպետական փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը եւ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հենց այսպիսի բնույթի հայ-ռուսական փոխգործակցության ձեւավորման գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Վլադիմիր Պուտինի մշտական ջանքերն էլ ավելի են ամրապնդել մեր ժողովուրդների եղբայրությունը, բազմապատկել փոխադարձ աջակցության հունով հարցերի դրական լուծման փորձը:
«Հուսով եմ, որ Ձեր անփոփոխ ուշադրությունը հայ-ռուսական գործընկերության զարգացման նկատմամբ, մեր վստահալից անձնական երկխոսությունը հետագայում եւս կկանխորոշեն ընդհանուր ջանքերը՝ ի նպաստ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության, ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ, եղբայրական Ռուսաստանին՝ խաղաղություն եւ բարգավաճում:
news.am
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Օլանդին` Ֆրանսիայի նախագահ դառնալու առթիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն Օլանդ,
Ամենաջերմ շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, որը ֆրանսիացի ժողովրդի՝ Ձեր հանդեպ վստահության արտահայտությունն է:
Դուք մշտապես հանդես եք եկել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդման օգտին, եւ վստահ եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել խորացմամբ եւ սերտ համագործակցության զարգացմամբ:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ` ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման եւ ֆրանսիացի բարեկամ ժողովրդի բարօրության»:
news.am







































Yerevan Time