January 19, 2022

Հայկական եթերի հետքերով

Մեծ լսարանի եւ հեռուստադիտողի վրա ունեցած ազդեցության ուժի շնորհիվ հեռուստատեսությունը կարեւոր զենք է դարձել քաղաքական եւ տնտեսական իշխանության համար մղվող պայքարում: Իշխանությունները հասկացել են, որ տպագիր մամուլի ազդեցությունը երկրում նվազել է, եւ հեռուստաընկերություններն են հանրային կարծիքի վրա իրական ազդեցություն թողնողը:

1998 թ. ընտրություններից հետո իշխանությունը սկսեց իր «թեւի տակ առնել» հեռարձակման ոլորտը: Հետագա տարիներին օգտագործելով իր բոլոր լծակները` կարողացավ համատարած վերահսկողություն հաստատել հեռուստաընկերությունների վրա` նախապես «ընտրելով» դրանց սեփականատերերին: Հայաստանում անկախ հեռուստաընկերության մասին խոսելն առայժմ անիրատեսական է:

Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները իշխանության վերահսկողության տակ են: Այս մասին տարիներ շարունակ խոսում են ոչ միայն Հայաստանում. նման եզրահանգման են եկել նաեւ տարբեր միջազգային կառույցներ: Ասում ենք «գրեթե», քանի որ գոնե երկու հեռուստաընկերություն «կենտրոնին» չի ենթարկվում, բայց դրանց մասին ավելի ուշ:

Հեռուստաընկերությունների լրատվական եւ քաղաքական ծրագրերը վերահսկվում եւ ուղղորդվում են մեկ կենտրոնից` նախագահականից: Կենտրոնից կախվածությունը ակնառու է դառնում հատկապես նախընտրական եւ ետընտրական շրջանում, ինչպես նաեւ` ներքաղաքական սրացումների ժամանակ:

Ի՞նչ կլինի, եթե հեռուստաընկերությունները չընկրկեն, «չենթարկվեն» այդ կենտրոնին: Հստակ պատասխան տալու համար պարզենք, թե ինչպե՞ս են ձեւավորվել գործող հեռուստաընկերությունները, ինչո՞ւ են հատկապես նրանք ստացել հեռարձակման արտոնագրեր եւ, որ կարեւոր է, ովքե՞ր են դրանց իրական սեփականատերերը:

Հայաստանում գործող մի քանի հեռուստաընկերություններ, ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տվյալների, ունեն օտարերկրյա կապիտալի մասնակցություն:

Այդ ընկերությունների մի մասի բաժնետերերի մասին տեղեկությունները փակ են, քանի որ դրանք փակ բաժնետիրական են: ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին հղած գրությամբ փորձել ենք տեղեկություններ ստանալ հենց այդ ընկերությունների մասին:

Մասնավորապես, թե ՀՌԱՀ-ը ստուգել է, արդյոք, այդ բաժնեմասերը եւ բաժնետերերի ինքնությունը: Օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժնի մասին տեղեկատվություն կա՞ ՀՌԱՀ-ում: Մեր նամակում գրել էինք նաեւ, որ հեռուստաընկերություներից մեկի հիմնադիրների մեջ կա մեծ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում գրանցված մի ընկերություն:

Այդ կղզին համարվում է օֆշորային գոտի: ՀՌԱՀ-ը պարզե՞լ է, արդյոք, թե ովքեր են այդ ընկերության հիմնադիրները: Մեր հարցմանը պատասխանել է ՀՌԱՀ-ի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը:

Մեջբերենք պատասխանն ամբողջությամբ. «Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը իր իրավասության սահմաններում ստուգում է հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներին առնչվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների առկայությունը: Հանձնաժողովը վարում է հեռուստառադիոընկերությունների անհատական գործեր, որոնցում առկա են նաեւ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր փաստաթղթերը:

Հիմնադիր փաստաթղթերը պարունակում են հեռուստառադիոընկերությունների հիմնադիրների եւ նրանց բաժնեմասերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ինչը հնարավորություն է տալիս հանձնաժողովին պարզել օտարերկրյա կապիտալի մասնակցության չափը: Ինչ վերաբերում է հեռուստառադիոընկերության հիմնադիր հանդիսացող օտարեկրյա ընկերության հիմնադիրներին կամ գրանցման վայրին, ապա այս հարցում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը որեւէ սահմանափակում չի նախատեսում, հետեւաբար հանձնաժողովը չունի նաեւ նման հարցեր պարզելու իրավասություն»: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՌԱՀ-ը որոշ ընկերությունների դեպքում չի պարզել օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը եւ հիմնադիրների ինքնությունը:

«Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերություն

Այս հեռուստաընկերության սեփականատերը «Արմենիա Թի-Վի» փակ բաժնետիրական ընկերությունն է: Ըստ օրենքի` փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն անհայտ են, եթե իրենք` ընկերության բաժնետերերը, չեն ցանկանում հայտնի դառնալ: Սակայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը պարունակում է մի դրույթ հիմնադիրների մասին. «Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից»: Սա նշանակում է, որ ՀՌԱՀ-ը պարտավոր է իմանալ, թե ովքեր են բաժնետերերը: Այսինքն` սեփականատերերի եւ օտարերկրյա կապիտալի մասին այդ տեղեկություններին նախ եւ առաջ պետք է տիրապետի ՀՌԱՀ-ը: Դժվար է ասել` օրենքի այս դրույթը խախտվա՞ծ է, թե՞ ոչ, քանի դեռ այդ տեղեկությունները հանրային չեն: Ի վերջո, հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ շատ մարմիններ նմանատիպ տեղեկությունները թաքցնում են հանրությունից: «Արմենիա» մեդիա հոլդինգի մեջ ընդգրկված հեռուստաընկերություններում կան օտարերկյա ներդրումներ, եւ երեք ընկերությունների դեպքում էլ հիմնավոր կասկածներ կան, որ դրանց մեջ արտասահմանյան կապիտալի մասնակցության բաժինը կարող է կեսից ավելին լինել:

«Արմենիա Թի-Վի» հ/ը 1999 թ. հիմնադրել է Սարգսյանների ընտանիքը: 2001 թ. ընկերության բաժնետեր դարձավ նաեւ ամերիկահայ հայտնի գործարար Ջերալդ Գաֆեսճյանը: Այժմ ընկերության բաժնետերերն են «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը եւ Սարգսյան ընտանիքը: 2004 թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սի-Էս մեդիա սիթիի» կամ, այլ կերպ ասած, «Արմենիա» մեդիա հոլդինգի բացման արարողությունը: Սա մի հսկա կառույց է, որի մեջ մտնում են «Արմենիա», «Արմնյուզ», «TV-5» հեռուստաընկերությունները, «FM 10» ռադիոկայանը եւ մի շարք այլ ընկերություններ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ Գաֆեսճյանը բավականին ցածր գներով ձեռք էր բերել Երեւանի կասկադ համալիրը եւ շրջակայքի հողերը: Ավելի ուշ նա նույնքան ցածր գներով ձեռք բերեց նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիան: Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո Բագրատ Սարգսյանի դիրքերը թուլացան, չնայած մինչ այդ էլ նրա համար, կարծես թե, Հայաստանում հեռուստատեսային բիզնեսն արդեն հեռանկարային չէր, եւ նա մտածում էր շարժվել դեպի իր հովանավորի` Գաֆեսճյանի հայրենիք` Միացյալ Նահանգներ: «Արմենիա» հ/ը սեփականատերերի` Սարգսյան ընտանիքի եւ Ջերալդ Գաֆեսճյանի բաժնեմասերի համամասնությունը հայտնի չէ: Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե հ/ը բաժնեմասերը վաճառված են: Առայժմ հնարավոր չի եղել ճշտել այս լուրերի հավաստիությունը: Բաժնետերերի փոփոխության մասին տեղեկատվությանն, ըստ օրենքի, տիրապետում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն, իսկ այնտեղից տեղեկություններ կարելի է ստանալ միայն բաժնետերերի համաձայնության դեպքում: Այդ տեղեկությունն, ըստ օրենքի, պարտավոր է իմանալ ՀՌԱՀ-ը, մանավանդ որ այս ընկերությունում առկա է օտարերկրյա մասնակցություն:

«Արմնյուզ» հեռուստախմբագրություն

Ընկերության հիմնադիրն է «Սինեմաքս» ՍՊ ընկերությունը: «Սինեմաքս»-ի հիմնադիրներն են «Հերմես» ՓԲԸ-ն եւ «Արմնյուզ» ՓԲԸ-ն: «Հերմես» ՓԲԸ-ի հիմնադիրներն են ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը (52,5%) եւ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում գրանցված «Ինվեստմենտ Վորլդվայդ Գրու Ռոուդ Թաուն» ընկերությունը (47,5%): Օֆշորային գոտիներում գրանցվում են հարկերից խուսափելու եւ իրական սեփականատերերին գաղտնի պահելու համար: Տարիներ առաջ Հ. Փամբուկյանի` Բրիտանական Ջերնսի (Guernsey) կղզում գրանցված «Midland Resources Holding» ընկերությունը իրականացրեց էներգետիկայի ոլորտում Հայաստանի խոշոր գործարքներից մեկը:
«Արմնյուզ» ՓԲԸ-ի բաժնետերերն անհայտ են: «Արմնյուզի» հիմնադիր կապիտալը 140 100 000 (հարյուր քառասուն մլն հարյուր հազար դրամ) է, այն կազմում է 14100 (տասնչորս հազար հարյուր բաժնետոմս), այսինքն` յուրաքանչյուր բաժնետոմսն արժե 10 000 դրամ: Մեր տեղեկություններով` այս ընկերությունում էլ կա օտարերկրյա մասնակցություն, եւ ամենայն հավանականությամբ բաժնետերերից մեկը դարձյալ Ջերալդ Գաֆեսճյանն է:

Անհայտ է, թե «Սինեմաքս» ՍՊ ընկերությունում որքան են «Հերմես» ՓԲԸ-ի եւ «Արմնյուզ» ՓԲԸ-ի բաժնեմասերը: Սրանից պարզ կլինի, թե օտարերկրյա մասնակցությունը որքան է ընկերության մեջ: Անհայտ է նաեւ «Արմնյուզ» ՓԲԸ-ում օտարերկրյա կապիտալի մասնակցության չափը:

Սա վերոնշյալ ընկերություններից երկրորդն է, որտեղ կա օտարերկրյա մասնակցություն: Ընդ որում` բաժնետեր ընկերություններից մեկը գրանցված է օֆշորային գոտում: Եվ քանի որ օրենքով կան հիմնադիրների որոշակի սահմանափակումներ, ապա ՀՌԱՀ-ը պարտավոր էր պարզել, թե ովքեր են օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերերը: Մի ուշագրավ փաստ էլ. «Արմնյուզին» ապօրինաբար է հաճախություն տրամադրվել, որովհետեւ մրցույթի օրվա դրությամբ այդպիսի ԶԼՄ գրանցված չէր. հայտը ներկայացրել է «Սինեմաքս» ընկերությունը` «Արմնյուզի» տեխնիկական եւ կադրային ռեսուրսներով:

«ԹԻ ՎԻ 5» հեռուստախմբագրություն

Հիմնադիրն է «Թի Վի Ֆայֆ» ՓԲ ընկերությունը:

«TV-5»-ը շարունակում է մնալ Բագրատ Սարգսյանի եւ Ջերալդ Գաֆեսճյանի սեփականությունը: Այստեղ էլ կա օտարերկրյա մասնակցություն: Սակայն մասնաբաժինները դարձյալ անհայտ են:

«Է. Վ.» հեռուստախմբագրություն կամ ապօրինի հեռարձակում

Հիմնադիրն է «Է. Վ.» հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն: «Է.Վ.» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությունն ամբողջությամբ վերահեռարձակում է CNN հեռուստաընկերության ծրագիրը: ՍՊԸ-ի հիմնադիր կապիտալը 42 000 000 (42 մլն) դրամ է: 1999 թ. գրանցված այս ՍՊԸ-ի հիմնադիրները նախապես եղել են երկուսը`
1. Խաչատրյան Լուիզա – 50% (21 մլն),
2. Վանդերբիլթ Փրոփ.ինք., ԱՄՆ, Իսթ Ուիսքոնսին 22550 – 50% (21 մլն դրամ):

Ստացվում է, որ այս ընկերության կեսը օտարերկրյա մասնակցություն է:
Ընկերության հիմնադիրների մեջ 2007 թ. տեղի է ունեցել փոփոխություն: Խաչատրյան Լուիզայի բաժնեմասի սեփականատերն է դարձել Արտյոմ Սարգսյանը` Բագրատ Սարգսյանի հայրը: Նորից մեջբերենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի` հիմնադիրներին վերաբերող դրույթը. «Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից»:

«Է. Վ.» հ/ը դեպքում օրենքի այս դրույթը խախտված է եղել ի սկզբանե, եւ ՀՌԱՀ-ը պարզապես տարիներ շարունակ «չի նկատել» օրենքի այս խախտումը: Այլապես չպետք է թույլ տար, որ այս ընկերությունը մասնակցեր մրցույթին: Արտոնագիր ստանալու պահից առայսօր այս հեռարձակումն իրականացվում է ապօրինի:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4