Մաշտոցի պուրակի ակտիվիստները դատապարտում են ոստիկանների գործողությունները
Մաշտոցի պուրակի ակտիվիստները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր, ապրիլի 29-ին, ակտվիստները շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ բռնի ուժ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), ինչպես նաեւ անձամբ հրամանատարական անձնակազմից Ռ. Մելքոնյանը, Կ. Մովսիսյանը եւ Վ. Օսիպովը քաշքշել են, հարվածել են, նետել են գետնին, փորձել են խեղդել, հայհոյել են, սադրել են, վիրավորել են քաղաքացիներին եւ առգրավել երկու վրան: Բռնությունների հետեւանքով տասից ավելի ակտիվիստներ սալջարդերով, ծնոտի կոտրվածքով, կողոսկրերի եւ ներքին օրգանների վնասվածքներով տեղափոխվել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց հետազոտության եւ բուժօգնության համար:
Ոստիկանությունը դիմեց սադրանքների, սկսեց բղավել ակտվիստների վրա եւ հայհոյել նրանց, ինչին ի պատասխան ակտիվիստները արձագանքեցին խաղաղության կոչերով: Սակայն ոստիկանությունը եւ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ) հանկարծակի զանգվածաբար հարձակվեցին ակտիվիստների վրա եւ առանց օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, առանց նախազգուշացման եւ իր գործողությունների հիմնավորման բռնի կերպով, ձերբակալեցին ակտիվիստներից վեց հոգու եւ մեկ հոգու ապամոնտաժող բրիգադից. Արման Յարալյանը, Գոռ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Եղիա Ներսեսյանը, Կարեն Հարությունյանը Վահրամ Սողոմոնյանը, եւ ապամոնտաժող Արմեն Հովհաննիսյանը: Ներկա պահին նշված ակտիվիստները գտնվում են արգելանքի տակ ոստիկանության Կենտրոնի բաժնում:
Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, հայտարարում ենք, որ անկախ ոստիկանության գործադրած բռնությունների եւ ակտվիստների ձերբակալման փաստից, չենք լքելու Մաշտոցի պուրակը, պաշտպանելու ենք խաղաղ ցույցի իրականացման մեր իրավունքը, մինչեւ վերջ տեր ենք կանգնելու հանրային տարածքին եւ սեփականությանը, հասնելու ենք պուրակում գտնվող կրպակների եւ մյուս հիմնական շինությունների ապամոնտաժմանը: Մենք չենք հանդուրժի ոստիկանների, հրահանգ տվողների եւ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու մյուս պաշտոնյաների անպատժելիությունը եւ հետամուտ ենք լինելու, որպեսզի մեր նկատմամբ կիրառված բռնի գործողությունների, կատարված այլ անօրինականությունների համար պատասխանատուները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
Մաշտոցի պուրակից Ոստիկանությունը բերման է ենթարկել յոթ հոգու:
Մաշտոցի պուրակում ապամոնտաժողները փորձում են բանակցություններ վարել ոստիկանների հետ: Երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է պուրակում տեղադրել երկրորդ վրանը, իսկ առաջին վրանը ոստիկանները հանել էին: Նրանք պուրակում վրան են տեղադրում` ակցիաների շուրջօրյա ռեժիմի անցնելու համար:Ակտիվիստներից մեկին` Եղիային, որին անհրաժեշտ է օգնություն, տեղափոխում են հիվանդանոց: Մի քանի հոգու` Գոռ Հակոբյանին, Եղիա Ներսիսյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արման Յարալյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Կարեն Հարությունյանին ոստիկանները տարել են բաժին: Բերման է ենթարկվել առաջին բրիգադի անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ոստիկանական բաժանմունք էին տարել նաեւ ակտիվիստներից մեկին` Վահագն անունով, որին սակայն հետո բաց էին թողել:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադներն այսօր ձեռնամուխ էին եղել կիսակառույց կրպակների ապամոնտաժմանը: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ապամոնտաժող բրիգադին հորդորել էր անօրինականությունների չդիմել ոստիկանների նկատմամբ եւ ակցիան չվերածել բախումների: Ոստիկանների հետ առաջին բախման արդյունքում ապամոնտաժող բրիգադի անդամները կարողացել էին անցնել ներս, սակայն ոստիկանները կրկին նրանց դուրս էին հանել։ Երկաթե ճաղավանդակները քաշքշելու ժամանակ վնասվել է ակտիվիստներից մեկի ձեռքը։









































Yerevan Time