Ռագըփ Զարաքոլուն բողոքի ակցիա է սկսել

Ռագըփ Զարաքոլուն

«Ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» մեղադրանքով կալանավորված և երկու օր առաջ ազատ արձակված գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն հաղորդագրություն է տարածել նշելով, որ ի նշան բողոքի ինքը «քաշում է բերանի շղթան» և հրաժարվում է խոսել:

«Քանի դեռ Թուրքիայի քրեական օրենսգրքում 301-րդ հոդվածի նման հոդվածներ կան, ես շարունակելու եմ լռության ակցիան»,- ասել է նա:

2011 թ.-ի նոյեմբերի 1-ից ձերբակալված և օրեր առաջ ազատ արձակված Զարաքոլուն գրել է. «1983 թ-ից մինչ օրս իրար հաջորդած կառավարությունները նախընտրել են օգտվել 1982թ.-ին ընդունված սահմանադրության ընձեռած հնարավորություններից և դավաճանել են երկրի ժողովրդավարացման գործընթացին: Քանի դեռ գործում են իմ և շատ այլ անմեղ մարդկանց անտեղի ձերբակալության սցենարներն ապահովող 301-րդ հոդվածն ու «Ահաբեկչության դեմ պայքարի օրենքը», ես լրատվամիջոցների հետ խոսելու եմ միայն գրավոր կերպով և չեմ խախտելու «լռությանս» ակցիան»:

Նա նշել է, որ իր ազատ արձակումը դեռևս չի նշանակում, որ իրավիճակը շտկվել է: Խոսքի ազատությունը վտանգող օրենսդրության և իրականության առկայության դեպքում ոչինչ չի փոխվելու:

«Մտածածն ազատորեն արտահայտելն ու հրապարակելը «խիզախության» է վերածվել: Դա նշանակում է, որ իրավիճակը շատ ծանր է»,- գրել է Զարաքոլուն:

Նա տեղեկացրել է, որ այսուհետ որևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տալու:

Tert.am

Tags:

About the Author