Կառավարության շենքի դիմաց, ինչպես ամեն հինգշաբթի, այսօր էլ տեղի ունեցավ բողոքի ակցիա: Այսօր իրենց բողքն էին արտահայտում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաև Երևանի Կոնդ թաղամասի նախկին բնակիչները:
Վերջիններիս սեփական տները ճանաչվել են պետական գերակա շահ, և տեղում կառուցվել է բազմաբնակարան շինություն, որը դեռևս անավարտ է։ Նախատեսվում է, որ նույն այդ շենքից էլ պետք է թաղամասի նախկին բնակիչները ստանային բնակարաններ:
«Մեր տները ճանաչել են պետական գերակա շահ, տարածքը վաճառել են, մեր բնակարաններն էլ չեն տալիս: Մենք կնքել ենք պայմանագիր, որի համաձայն 33 ամիս հետո պետք է մեզ հատկացնեին արդեն մեր նոր բնակարանները: Իրենք այդ ընթացքում պետք է վճարեին այն գումարները, որոնք մենք տան վարձ ենք տալիս: Ես չեմ ժխտում վճարել են, բայց արդեն 6 ամիս է նրանք չկան, մենք էլ մնացել ենք փողոցում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոնդ թաղամասի բնակչուհի Նարինե Գրիգորյանը:
Բնակիչները, ովքեր այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց, մեզ հետ զրույցում ասացին, որ այդ տարածքները վաճառվել է լիբանանյան ծագումով գործարար ոմն Ֆատուշի (խոսքը, ամենայն հավանականությամբ, «Վիվա Սելլ» ընկերության նախկին բաժնետեր Պիեռ Ֆատուշի մասին է, ով իր բաժնեմասը հետագայում վաճառեց ռուսական MTS ընկերությանը): Վերջին մի քանի ամիսներին ոչ ոք սեփականատիրոջից տեղյակ չէ: Բնակիչներն ասում են, որ դիմել են ՀՀ պետական այն բոլոր մարմինները, որոնք իրավասու են լուծել խնդիրը:
«Է՛լ քաղաքապետարան ենք գնացել, է՛լ ֆինանսների նախարարություն, բոլոր ատյաններին էլ դիմել ենք, բայց ոչ մի պատասխան չկա: Ի՞նչ անեմ ես, երեք երեխա ունեմ, ո?նց եմ վաղը ես իմ երեխեքին ուղղարկելու բանակ, երբ նրանց մանկությունը փողոցներում է անցնում»,- ասաց բնակչուհի Նարինե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային՝ բացառիկ գերակա շահի ենթակա տարածք, իսկ ձեռքբերող ճանաչվեց «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն: Վերջինս պարտավորվել էր իրացնել թաղամասի 175.769 քմ տարածքը: Ընկերությունը 2007 թվականին 200 պայմանագիր էր կնքել բնակիչների հետ , որոնց համաձայն կոնդեցիները կունենան համապատասխան մակերեսով բնակարան, ինչ բնակարան որ վաճառում են:
Նշենք նաև, որ բազմաբնակարան համալիրի ընդամենը մի մասն է կառուցվել՝ 4 հարկ: Բազմաբնակարան համալիրը, որի մի մասը արդեն կառուցված է, գտնվում է «Դվին» հյուրանոցի կողքին:
Tert.am







































Yerevan Time