May 22, 2019

ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ԿԽՐԱԽՈՒՍՎԻ

Աշխատանքային այցով Ղարաբաղում եղած վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ղարաբաղ հայրենադարձություն ապահովող ծրագրերին: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հայրենադարձությունն առաջիկա հինգ տարիներին պետք է դառնա Ղարաբաղի իրականացնելիք ամենակարեւոր ծրագրերից մեկը:

Հիշեցնենք, Ղարաբաղի ժողովրդագրական հայեցակարգն ընդունվեց այս տարվա հունվարին, սակայն հայկական կառավարությունը չարձագանքեց դրան այն ժամանակ: Ինչ է փոխվել դրանից հետո եւ ինչու է Հայաստանը որոշել խրախուսել Ղարաբաղ հայրենադարձվելուն:

Այդ հարցի պատասխանի համար հարկ է վերլուծել պատճառը, թե ինչու Հայաստանն այդ բանը չէր անում մինչեւ հիմա: Չտրվելով խորը վերլուծության, նշենք միայն, որ հայկական կողմին տարածքների ակտիվ բնակեցումից զերծ էր պահում նրանց “օդեղեն” կարգավիճակը: Ընդ որում, տարածքների վերադարձի խոսակցություն վարում էին ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան եւ միջնորդները, այլ նաեւ Հայաստանի իշխանությունները: Ինչ հայրենադարձության մասին կարող է լինել խոսքը, եթե պաշտպանության նախարարը, իսկ հետո նախագահը հայտարարում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ:

Հիմա թերեւս հայրենիք է: Համենայն դեպս, Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարցի հետ չշաղկապելու գերտերությունների համառությունը նշանակում է, որ համաշխարհային տերությունները չեն ցանկանում Ղարաբաղի հարցը լուծել թուրք-ադրբեջանական սցենարով, այսինքն տարածքների հանձնումով: Իսկ ավելի ճիշտ` Ադրբեջանը չի համաձայնում փոխզիջման իր մասին, որի համաձայն, նա պետք է ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, թեկուզ նախկին ԼՂԻՄ սահմանում: Ադրբեջանը համառում է, եւ դատելով Ալիեւի վերջին ժեստից, չի պատրաստվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եւ դրա “շնորհիվ” հայկական կողմը կարող է չհանձնել տարածքները: Նույնիսկ Աղդամն ու Ֆիզուլին, որի մասին հայտնում է Էրդողանը:

Ահա թե ինչու է Հայաստանի վարչապետը հեռուստախցիկների առաջ կամուֆլյաժով հայտարարում, որ Հայաստանը պետք է նպաստի Ղարաբաղ հայրենադարձվելուն:

Բուն Ղարաբաղում այդ գործընթացը սկսեց դեռեւս հունվարին: Մի ընտանիքի տեղափոխման եւ կյանքի նորմալ պայմանների ապահովման համար անհրաժեշտ է մոտ 100 հազար դոլար, այն ժամանակ հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Հայեցակարգի հեղինակ, ԼՂՀ սոցիալական հարցերի նախարար Կարինե Ասծատրյանը հայտարարեց, որ վերանայվում է հայրենադարձներին ցուցաբերվող օգնության ծավալը: Մասնավորապես, հայրենադարձ ընտանիքին պետք է ցուցաբերվի 1 միլիոն դրամի օգնություն` նպաստի, վարկի, տեխնիկայի տեսքով: Իսկ մինչ այդ, այդ գումարը կազմում է 200-230 հազար դրամ:

2010 թվականի փետրվարին ԼՂՀ է եկել 141 մարդ, 2009 թվականի նույն ժամանակահատվածի 85-ի համեմատ,մարտին` 127 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 112-ի համեմատ: Նարինե Ասծատրյանը նշել է, որ հարյուրավոր ընտանիքներ են հայտնում Արցախ տեղափոխվելու ցանկություն: 2008-09 թվականներին վերաբնակվել է 311 ընտանիք` 1054 մարդ: “Ղարաբաղում բնակեցվածության խտությունը 7-10 անգամ ցածր է, քան տարածաշրջանի մյուս երկրներում, թեեւ մեզ մոտ ավելի նպաստավոր պայմաններ են կյանքի համար, քան մյուս երկրներում”, հայտարարել է Արա Հարությունյանը:

Ղարաբաղի կառավարության Բերձորում (Լաչին) տեղի ունեցած արտագնա նիստի ժամանակ հայտարարվեց, որ շրջանում 2009 թվականին բազմազավակ ընտանիքների համար շահագործման է հանձնվել 10 տուն եւ 18 բնակարանանի մի շենք: 2010 թվականին շինարարության համար հատկացվելու է 150 միլիոն դրամ: Վերականգնվել է 180 կմ ճանապարհ: Աղավնո գետի վրա սկսվել է փոքր ՀԷԿ-ի շինարարություն, ընդ որում, 21 գյուղ չունի էլեկտրաէներգիա: Վատ է նաեւ ջրի հարցը: 2009 թվականին Քաշաթաղի շրջանում բնակություն է հաստատել 116 ընտանիք: Քաշաթաղում 2,2 աշակերտին բաժին է ընկնում 1 ուսուցիչ: Վարչապետը խոստացավ շինանյութ հատկացնել նրանց, ովքեր ունեն իրենց տունը նորոգելու ցանկություն: Շուտով կսկսվի 1 միլիոն դրամի անգրավ օգնության հատկացումը: Ստեղծվելու են կաթի մթերման կենտրոններ, բացվելու է շուկա:

Չի բացառվում, որ ստեղծված իրավիճակում, երբ տարածաշրջանում Ղարաբաղի հակամարտության ստատուս-քվոն հերթական անգամ երկարաձգվեց, Ղարաբաղի ամբողջ տարածքի իրացման համար ֆինանսներ կտրամադրի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ միջազգային կառույցները: Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառում Ղարաբաղի հետ ուղիղ շփումները: Մնում է միայն դադարել հույսը դնել Ադրբեջանի համառության վրա, որը մի օր կարող է մեկ էլ համաձայնել փոխզիջման իր մասին, եւ այդ ժամանակ տարածքների հարցը նորից կելնի “ջրի երես”:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4